Կենսագրություն

Գագիկ Հարությունյանը նորաձևության ազդեցիկ լուսանկարիչներից մեկն է Հայաստանում: Նրա լուսանկարները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «EL Style»-ը, «Luxury»-ն, «Design Deluxe»-ը և այլն: Գագիկ Հարությունյանը նպաստել է Հայաստանում նորաձևության և գեղեցկության առաջատար տների հաջողությանը՝ ստեղծելով կերպարներ, պատկերներ «Nikolyan Fashion», «Harmony Yerevan», «Shadoyan Fashion», «Kivera Naynomis», «Oriflame Armenia» ապրանքանիշների համար: Համագործակցել է Հայաստանում հայտնի մոդելների, դերասանների, երգչուհիների, արտիստների հետ: Գագիկ Հարությունյանի աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում, ինչպիսիք են «Corso Como Milan - Carla Sozzani Gallery»-ն (Իտալիա),  «Bercy Village Gallery - Gallery Sakura»-ն (Ֆրանսիա): Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ կազմակերպված «Vogue Italia» և «Gallery Sakura»-ի կողմից: Գագիկ Հարությունյանի լուսանկարներից մեկը «Vogue Italia» խմբագրության կողմից համեմատվել է մի շարք հռչակավոր ֆիլմերի՝ «Blade Runner»-ի, «Brazil»-ի, «Metropolis»-ի, «The Day After Tomorrow»-ի և «Fuga da New York»-ի հետ: Գագիկ Հարությունյանը համագործակցում է «Galerie Sakura» պատկերասրահի հետ, որը լուսանկարչի աշխատանքների ցուցահանդես վաճառքներ է կազմակերպում եվրոպական մի շարք պատկերասրահներում: Նրա աշխատանքներն առաջին անգամ տպագրվել են 2013 թվականին «EL Style» ամսագրում:2021 թվականին Գագիկ Հարությունյանը հիմնադրել է «Harutyunyan Gallery» ապրանքանիշը՝ ցուցադրելով ու վաճառելով իր ստեղծած արվեստի գործերը: Գագիկ Հարությունյանը ծնվել է 1984 թ. հունվարի 27-ին Երևանում՝ հայկական ընտանիքում: Սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հաշվողական մեքենաներ բաժնում: Ունի երաժշտական կրթություն, տիրապետում է մի շարք գործիքների, հեղինակում է երաժշտություն էմբիենտ, դիփ հաուս, լոնջ ոճերով:

 

***

Լուսանկարչությունն իմ ներշնչանքն է, ես ապրում եմ դրանով: Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է: Կարծում եմ՝ դա հնարավորություն է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում:

Գագիկ Հարությունյան

***

Գագիկ Հարությունյանը լուսանկարում է նորաձևության թեմայով, ինչպես նաև դիմանկարներ, բնապատկերներ: Հիմնականում ստեղծում է սև և սպիտակ լուսանկարներ. երբ լուսանկարում ես սև ու սպիտակ, նկարում ես մարդկանց հոգիները: Գագիկի լուսանկարների հերոս կարող է դառնալ յուրաքանչյուրը: Աշխատելիս ունի մի շարք սկզբունքներ. մոդելները պետք է առանց դիմահարդարման լինեն (խոսքը, իհարկե, կոմերցիոն նպատակներով արված նկարների մասին չէ), իսկ նկարները մշակելիս մեծ փոփոխություններ կատարելու կողմնակից չէ: Լուսանկարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը և նույնիսկ երաժշտությունը: Առանց երաժշտության՝ Գագիկը ոչինչ չի նկարել. այն լուսանկարչի կյանքում շա՜տ մեծ տեղ է զբաղեցնում...

 

Արվեստագետի ամենամեծ ձեռքբերումներից մեկն այլոց կողմից ստեղծածի արժևորումն է...

Գագիկ Հարությունյան